Մի շտապեք ուրախանալ կամ տխրել: Խոսքը Հայաստանի մասին չէ, թեպետ…
Թեպետի շարունակությունը բաց թողնենք, քանզի այն արծարծելու դեպքում բազմաթիվ խնդիրներ մեջտեղ կգան երկրին վերաբերող նույնքան բազմաթիվ անդրադարձերով, մինչդեռ մենք «չզբաղվել պոլիտիկա», ինչպես կասեր Շտեռլինգը հանրահայտ «Նվագախմբի տղաները» ֆիլմում:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դրական կգնահատեր Ռուսաստանի վերադարձը ձմեռային ժամանակին. մոտավորապես այս բառերն են արձանագրված Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակին ուղղված (նա է համակարգում «Սոչի-2014»-ի նախապատրաստական աշխատանքները) ձմեռային քսաներկուերորդ օլիմպիադայի համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլիի նամակում:
Ի՞նչն է խնդիրը:
Մրցումների անցկացման ժամերը կազմվում են օլիմպիական խաղերը հեռարձակող ծառայության ու միջազգային մարզական ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ, նրանց երաշխավորումով: Արդեն այս տարվա փետրվարի վերջին (խաղերի կազմակերպիչների ու հեռարձակող ընկերությունների նիստը կայանալու է հենց այդ ժամանակ), հեռուստաընկերությունները պիտի ունենան խաղերի վերջնական ժամանակացույցը, որ պլանավորեն իրենց աշխատանքը: Ըստ ՄՕԿ-ի, Սոչիի ու Կենտրոնական Եվրոպայի ժամային օպտիմալ տարբերությունը երկու ժամ է, մինչդեռ ձմեռային փուլում այն դառնում է երեք, ուստի պիտի շուտափույթ լուծել խնդիրը:
ՈՒշադրություն դարձրեք` նամակում խնդրահարույց են դիտված մրցումների անցկացման ժամերը:
Հարց է առաջանում` եթե ժամանակացույցը (օրերով ու ժամերով) ճշտվում է առնվազն մեկ տարի առաջ, այդ ի՞նչ սկզբունքային նշանակություն է ստանում մրցումային տվյալ օրը Կենտրոնական Եվրոպայի ժամանակով, զորօրինակ, գիշերվա տասնմեկի փոխարեն տասներկուսին ավարտելը: Եթե դա այդքան խիստ կարևորության խնդիր է, ապա շատ ու շատ օլիմպիադաներ, միջազգային բազմաթիվ խոշոր մրցաշարեր անցկացվում են Կենտրոնական Եվրոպայի հետ ժամային անհամեմատ զգալի տարբերություններ ունեցող երկրներում: Բա այս դեպքում ՄՕԿ-ն ինչո՞ւ նման տագնապներ չի ապրում:
Այս հարցը Ձեզ չի հետաքրքրո՞ւմ:
Թե՞ «մեծահոգաբար» օլիմպիադա են նվիրել Ռուսաստանին, երկիրը մինչև վերջ պիտի «կզացնեն»: Ի՞նչ է, օլիմպիադայի դիմաց քիչ բան ե՞ն ստացել:
Ձմեռային ժամանակը վերացնելով` Ռուսաստանը բազմաթիվ հղումներ է արել հիմնավոր փաստերի, որոնց մեջ, տնտեսականի կողքին ու դրանից ավելի խոշոր սևեռումով, շեշտադրվել են բնակչության առողջապահական խնդիրները, մարդու կենսաբանական ժամանակացույցի հիմնահարցերը: Չխորանանք, բայց և մեկ անգամ ևս ասենք, որ դա հենց այնպես ընդունված որոշում չի եղել:
Ինչևէ:
Գրում եմ ու մի կողմից էլ մտածում` մե՞նք ինչու ենք խառնվում ուրիշների եփած ճաշին: Քիչ ե՞ն եղել օլիմպիադաներ, որոնց համար այդ նույն ժամային գոտիների տարբերության պատճառով չենք քնել: Մենք հո բամբակների մեջ ապրած ու մեծացած եվրոպացի չենք, որ ռեժիմը մի փոքր խախտվի, երեխայի պես թնկթնկանք կամ կատվի պես մլավենք:
Մենք դիմացող տեսակ ենք:
Մեր բանն ուրիշ է:
Պարզապես ինչ-որ տեղ «ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ»: Շուն-գել` յոթանասուն տարի իրար հետ ենք ապրել, պատմություն ու ճակատագիր ենք կիսել, տո հազար ու մի բան ենք արել, որոնք թղթին բացեիբաց հանձնելն էլ մի բան չէ: Կարծում եմ` հասկացաք, թե մասնավորապես ինչը նկատի ունեմ: Դրա համար էլ այստեղ էլ կեսբերան լինեմ:
Բայց և այնպես կլինեն մարդիկ, որ կհարցնեն` տերության համար քո՞ ոտքերն ինչու են վառվում:
Իմ ոտքերը չե՜ն վառվում:
Հանգիստ մնացեք:
Մերը չվառվողներից է:
Պարզապես ես տերություն չդառնալու իմ ողբն եմ ողբում, սիրելիներս:
Հ. Գ. Մի երկու խոսք` ուրիշների ճաշին խառնվելու առումով, մանավանդ որ… խոշոր վեճ ունեմ Խորենացու հետ: Այ սիրելի Պատմահայր, մեր փոքր ածու լինելու փաստն արձանագրելով, ասա, չէր լինի՞, որ էդ անտեր «թեպետը» չգրեիր, որ մենք էլ, պատեհ ու անպատեհ, քիթներս ամեն տեղ չխոթենք: Չգիտեի՞ր, որ ո՛չ փոքր ածուի բարդույթից ազատվողն ենք, ո՛չ էլ «թեպետի»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ